Կրթություն

Podcast. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առաջարկած անգլերենի դասագրքերը երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից

4 րոպեի ընթերցում

Podcast. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի  առաջարկած անգլերենի դասագրքերը երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից

Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում տվյալ ժամանակներին համահունչ բովանդակային  և տեխնիկական վերազինում իրականացնել։ Բարեփոխումը միտված է լեզվի տիրապետումը դպրոցահասակների համար ավելի մատչելի և գրավիչ դարձնելուն։ 

Երկրորդ տարին անընդմեջ ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթում։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի  անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանի հետ «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում զրուցել ենք դասագրքերի առավելություններից ու ուսուցիչների վերապատրաստման ծրագրերից։  

Անդրադառնալով դեռ անցյալ տարի հաստատված գրքերին՝ նա նշեց,  որ հանրապետության 500 դպրոցներ արդեն ընտրել են իրենց կողմից առաջարկվող դասագրքերը, և արձագանքները շատ դրական են։ 

«Նախորդ տարի ԿԳՄՍՆ-ի  կողմից հայտարարված բաց մրցույթում հաղթեցին մեր կողմից առաջարկված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների անգլերենի դասագրքերը, որոնք արդեն մեկ տարի է՝  հաջողությամբ կիրառվում են 500 դպրոցում։ Այս տարի, բացի հիմնական դպրոցներից, մեր կողմից ներկայացվեցին նաև ավագ դպրոցների համար մշակված դասագրքեր. մրցույթը անցան  4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների անգլերենի դասագրքերը։   

Բոլոր դասագրքերը հիմնված են  հանրակրթական պետական  չափորոշիչների վրա, ըստ որոնց՝ աշակերտը դպրոցը պետք է ավարտի Բ-2 մակարդակով։  Բացի այդ, բոլոր դասարանների դասագրքերը կազմված են իրար փոխլրացնելու, փոխշաղկապելու սկզբունքով, որն էլ ապահովում է ուսուցման շարունակականությունը։ Լեզվական հմտությունները զարգացնելուց զատ շեշտը դրել ենք ստեղծագործական և քննական միտքը  զարգացնելու մեթոդիկայի վրա։ Ավագ դպրոցների դասագրքերում ներառված են 21-րդ դարին բնորոշ կյանքի հմտություններ պարունակող առաջադրանքներ, որոնք օգնում են դպրոցն ավարտող աշակերտին ինքնաճանաչման միջոցով պատրաստ լինել կյանքի նոր փուլին։  Մեր դասագրքերի առավելություններից եմ համարում ունկնդրման առաջադրանքները,  որտեղ ձայնագրվել են բացառապես  լեզվակիրներ,  ինչն էլ շատ պարզ և բնական  շփման հասանելի մեթոդ է ապահովում»,- ընդգծեց Առաքելյանը։   

Անդրադառնալով գրքերի բովանդակությանն ու թեմաների ընտրությանը՝ Առաքելյանը նշեց․

«Գրքում զետեղված թեմաները ընտրվել են չափորոշիչները մշակելու ընթացքում։ Ուսումնասիրելով միջազգային փորձն ու ստանդարտները՝ փորձել ենք հնարավորություն ստեղծել նյութերի միջոցով սովորել բացահայտել սեփական ինքնությունը, հայկական մշակույթը, հայեցի մտածողությունը և, միևնույն ժամանակ, ճանաչել և համեմատել դրանք այլ երկրների սովորույթների ու առանձնահատկությունների հետ։  Բացի այդ, այնպիսի առաջադրանքներ ենք ձևավորել, որ աշակերտը ինքը պրպտի,  գտնի հետաքրքիր նյութեր և  ներկայացնի իր համադասարանցիներին»։ 

Անդրադառնալով ՔՈԱՖ-ի կողմից առաջարկվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ Աննա Առաքելյանն ասաց․

«Դպրոցներին ու ուսուցիչներին հնարավորություն է տրվում ինքնուրույն ծանոթանալ և ընտրել իրենց համապատասխան գրքերը։  Եվ այն ուսուցիչների համար, որոնք նախապատվությունը տալիս են  ՔՈԱՖ-ի դասագրքերին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ մայրաքաղաքում և մարզերում։ Բացի այդ, դասագրքերին կից կազմել ենք ուսուցչի ձեռնարկ, որում առկա են ուսումնաօժանդակ նյութեր, դասապլաններ, լրացուցիչ առաջադրանքներ, տեսաշարեր, որոնք օգնում և ուղղորդում են ուսուցչին դասապրոցեսն ավելի ինտերակտիվ և բովանդակային կազմակերպել»։ 

Զրույցի մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում