Թուրքիա

Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից

2 րոպեի ընթերցում

Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

The Breakfast Show-ի ժամանակ Պոդոլյակին հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Զելենսկին հանդիպի Ռուսաստանի այլ ներկայացուցիչների, օրինակ՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ։

«Իհարկե ոչ, - պատասխանել է Պոդոլյակը։ - Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու մասին»։

Պաշտոնյայի կարծիքով, ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է և կբերի միայն ժամանակի ձգձգման։

Մայիսի 11-ին Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։ Պուտինը դեռ չի արձագանքել Զելենսկիի հայտարարությանը։

Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է ասել, թե ով է լինելու Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմում։

«Երբ նախագահը հարկ համարի, մենք կհայտարարենք», - ասել է նա։ 

Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է պատրաստվել բանակցություններին, որոնք պետք է կայանան մայիսի 15-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում