Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունները սկսելու պայմանները
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկա օրերին կկարողանան համաձայնեցնել Ստամբուլում բանակցային գործընթաց սկսելու պայմանները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է թուրքական Hurriyet լրատվականը:
«Կարծում եմ, որ երկու կողմերն էլ առաջիկա օրերին կպայմանավորվեն բանակցային գործընթացը սկսելու պայմանների շուրջ: Ուկրաինան ցանկանում է բանակցություններ սկսել հրադադարից հետո, Իսկ Ռուսաստանը ՝ մինչ այդ: Նորմալ է, երբ յուրաքանչյուր կողմ ունի իր պայմաններն ու առաջնահերթությունները»,- ասել է ԱԳ նախարարն Անկարայում Սիրիայի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաքան Ֆիդանը նաև վերահաստատել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ հանդիպումներ անցկացնելու հարցում Թուրքիայի պատրաստակամությունը՝ դրական որակելով վերջին զարգացումները և երկու հակամարտող կողմերի հայտարարությունները։