Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնությունը չի տարածվում Իսրայելի վրա

3 րոպեի ընթերցում

Հութիների «Անսար Ալլահ» խմբավորման և Միացյալ Նահանգների միջև հրադադարի վերաբերյալ համաձայնությունը «չի ներառում Իսրայելի դեմ գործողությունների դադարեցում»։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է հութիների պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Աբդ ալ-Սալամը։ 

«Համաձայնագիրը ոչ մի կերպ չի ներառում Իսրայելը.... Այն, ինչ ձեռք է բերվել ամերիկյան կողմի հետ Օմանի միջնորդությամբ, վերաբերում է ամերիկյան նավերի թիրախավորման դադարեցմանը։ Քանի դեռ նրանք հայտարարում են դադարեցման մասին և իրականում պարտավորվում են դա անել, ապա մեր դիրքորոշումը պաշտպանական է, և ի պատասխան դրա՝ մենք կդադարեցնենք», ֊ ասել է նա։

Աբդ ալ-Սալամը շեշտել է, որ Եմենի դիրքորոշումը Գազային աջակցելու վերաբերյալ չի փոխվել և երբեք չի փոխվի։ Նա հավելել է, որ Եմենը որևէ խնդրանք չի ներկայացրել ամերիկացիներին, այլ «խնդրանքներ և հաղորդագրություններ է ստացել Օմանի Սուլթանության մեր եղբայրների միջոցով»։ 

Ալ-Սալամի խոսքով՝ եթե ամերիկացիները որևէ կերպ չհետևեն համաձայնությանը, ապա պատասխանն անխուսափելի կլինի։ «Եմենի դեմ ագրեսիային մասնակցող յուրաքանչյուրը կկրի նույն հետևանքներն ու նույն կորուստները, որոնք ամերիկացիները կրեցին մեր երկրի դեմ իրենց անարդար և դաժան ագրեսիայի ժամանակ», ֊ հավելել է հութիների ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 6-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը հութիների խնդրանքով կդադարեցնի Եմենում հութիների թիրախների ռմբակոծությունները, քանի որ հութիները համաձայնել են դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ 

Եմենում մարտի 15-ից Վաշինգտոնի մեկնարկած գործողության ընթացքում, ըստ ԱՄՆ զինված ուժերի, հարված է հասցվել ավելի քան 1000 թիրախի։ Ըստ ամերիկյան կողմի՝ սպանվել են հարյուրավոր հութի մարտիկներ և նրանց բազմաթիվ ղեկավարներ։ 

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ 

Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել էին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները՝ ի նշան աջակցության Պաղեստինին և Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի և Եմենի հութիների միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել Օմանի միջնորդությամբ

 

Հայերեն Русский