Հնդկաստանի և Պակիստանի միջև էսկալացիան միջուկային պատերազմի չի հանգեցնի․ փորձագետ

8 րոպեի ընթերցում

Միջազգային հարաբերությունների փորձագետ Նվարդ Չալիկյանը կարծում է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջացած հակամարտությունը որքան էլ սրվի, այնուամենայնիվ, չի հանգեցնի միջուկային բախման, որովհետև նշված երկու միջուկային տերությունների պարագայում այդ հանգամանքը կարող է լինել նաև զսպող գործոն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «APRI Armenia»վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նվարդ Չալիկյանն անդրադարձավ Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջացած հակամարտությանը և այդ համատեքստում վեջին օրերին տեղի ունեցած սրացումներին։

«Քաշմիրի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջացած տարածքային վիճաբանությունը նորություն չէ, այդ հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ՝ սկսվելով 1947 թվականից, երբ ի հայտ եկավ ընդհանրապես Պակիստան պետությունը։ Իրավիճակը սրվեց ապրիլի 22-ից հետո, երբ Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ գնդակահարեցին զբոսաշրջիկներին։ Հատկանշական է, որ ահաբեկիչները զբոսաշրջիկներին տարանջատել են, հեռացրել են մահմեդականներին, նոր դրանից հետո գնդակահարել հնդիկներին, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հնդկաստանում, որովհետև անմեղ մարդկանց սպանդի կազմակերպումը բավականին լուրջ և ցավալի իրադարձություն էր»,- ասաց Չալիկյանը։ 

Նա հիշեցրեց, որ երկու երկրների միջև տհաճ միջադեպեր եղել են նաև անցյալում, նույնիսկ տեղի են ունեցել երեք պատերազմներ։ Առավել հիշարժան են 2016 և 2019 թվականներին գրանցված սրացումները, ինչը վկայում է պարբերաբար կրկնվող սցենարի մասին։ 

«Հնդկաստանում տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ։ Հնդկական կողմը մեղադրում է Պակիստանին և թիրախային հարվածներ հասցնում նրան, ինչից հետո տեղի են ունենում փոխհրաձգություններ։ Թեև գրանցվում են էսկալացիոն բնույթի գործողություններ, սակայն այդ ամենը շատ մեծ պատերազմի չի հանգեցնում։ Մի կողմից, իհարկե, մտահոգիչ է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ ունեն միջուկային զենք, բայց մյուս կողմից հենց այդ զենքի առկայությունն ինքնին հանդիսանում է որոշակի զսպող գործոն, քանի որ միջուկային պատերազմը երկու երկրների համար էլ հղի է կործանարար հետևանքներով, ուստի նրանց համար գերադասելի է, որ նման արհավիրքի մեջ չներքաշվեն»,- ասաց Չալիկյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ Հնդկաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, և միջազգային հարթակներում կողմերը միշտ սատարել են միմյանց։ Հայաստանը պաշտպանում է Հնդկաստանի դիրոքրոշումը նույն Քաշմիրի հակամարտության համատեքստում, իսկ Հնդկաստանը վերջին տարիներին ՀՀ-ի համար շատ կարևոր քաղաքական և ռազմական գործընկեր է դարձել՝ տրամադրելով համապատասխան սպառազինություն։ Իսկ ահա Պակիստանն անգամ չի ճանաչել Հայաստանի անկախությունը, տարիներ շարունակ աջակցել և այսօր էլ աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում ակտիվ զորակցություն ցուցաբերեց ադրբեջանական կողմին։ Դրանով Պակիստանն առաջին անգամ նման ցայտուն ներգրավվածություն ունեցավ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններում։ 

«Մենք բազմիցս փորձագիտական շրջանակներում դիտարկել ենք այն հարցը, թե ովքեր են աջակցում Պակիստանին։ Այդ հարցն ավելի արդիական է դարձել այն պատճառով, որ միջազգային հանրության հայացքն ուղղվել է Հնդկաստանի և Պակիստանի միջև զարգացող հակամարտությանը։ Պակիստանին փաստորեն ամենաակտիվ կերպով սատարում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Նույնիսկ ձևավորվել է եռյակ դաշինք, որն ունի բավականին լուրջ ռազմատեխնիկական բաղադրիչ։ Երբ Էրդողանը Թուրքիայում եկավ իշխանության, դրանից հետո նշված երեք երկրների միջև կապերն ավելի ամրապնդվեցին, և համագործակցությունն ամենաբարձր մակարադակով մի քանի ոլորտներում գրանցեց բավականին մեծ առաջընթաց։ Թուրքիան պաշտպանում է Պակիստանին նույն Քաշմիրի խնդրում և այլ հարցերում՝ ի հակադրություն Հնդկաստանի, և շարունակում է զենք վաճառել Պակիստանին»,- ասաց փորձագետը։

Չալիկյանը հավելեց, որ մեր տարածաշրջանում Պակիստանի ակտիվացումը մտահոգել է Հնդկաստանին, ու նաև դա է պատճառներից մեկը, որ հնդկական կողմը սերտացրեց հարաբերությունները Հայաստանի հետ և սկսեց համագործակցել նաև ռազմական ոլորտում։ Պակիստանի և Թուրքիայի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում բնավ չի բխում Հնդկաստանի շահերից, որովհետև Անկարայի ծավալապաշտական նկրտումները կարող են բացել նաև Պակիստանի ախորժակը։ 

Վերադառնալով Հնդկաստան-Պակիստան հակամարտությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հնդկական կողմն այս անգամ էլ կիրականացնի թիրախային հարվածներ՝ պատճառաբանելով, որ այդ կերպ ձգտելու է հակահարված հասցնել ահաբեկչական խմբավորումներին։    

«Հնդկաստանի վարչապետ Մոդին մի քանի անգամ հրավիրեց անվտանգության խորհրդի նիստ։ Պակիստանից հայտարարեցին, որ չեն բացառում հնդկական կողմի հարձակումը, թեև իրենք նախահարձակ չեն լինի։ Լոկալ բախման հավանականությունը փոքր չէ, բայց դա չի հանգեցնի լայնածավալ ու երկարատև պատերազմի։ Իհարկե, կարևոր էր, որ հակամարտության հարցը քննարկվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Իրանը հայտնեցին միջնորդ լինելու պատրաստակամության մասին, սակայն Հնդկաստանը պնդում է, որ դա լոկալ կոնֆլիկտ է և, ըստ այդմ, չի ցանկանում երրորդ կողմի ներգրավվածություն։ Ավելին, հնդկական կողմը, հաշվի առնելով միջազգային հակամարտությունների հանգուցալուծման գործում ՄԱԿ-ի անզորությունը, ինչի վկայությունն էր նաև ռուս-ուկրաինական պատերազմը, խիստ քննարդատում է այդ միջազգային կազմակերպությանը»,- պարզաբանեց Չալիկյանը։

Փորձագետի կարծիքով՝ Հնդկաստանը կատարելու է քայլեր՝ ելնելով իր շահերից, այլ ոչ թե անսալով միջազգային հանրության կոչերին։ Եվ արդեն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել Պակիստանին, մասնավորապես այդ երկրի գյուղատնտեսությանը, քանի որ Պակիստանի հողերի 80 տոկոսը ոռոգվում են Հնդկաստանից եկող գետերի ջրերով։ Մասնավորապեսմ Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից, և դադարեցրել են ջրի մատակարարումը Բագլիհար ամբարտակով, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի նահանգի Չենաբ գետի վրա:  

Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Սա հանգեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների կտրուկ սրման։ Դրանից հետոտեղեկություններ են հաղորդվելփոխհրաձգությունների մասին:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ