Վրաստան

Հայ և վրացի աստղագետները մասնագիտական քննարկման են հավաքվել Բյուրականում

4 րոպեի ընթերցում

Հայ և վրացի աստղագետները մասնագիտական քննարկման են հավաքվել Բյուրականում

Բյուրականի աստղադիտարանում մայիսի 5-ին մեկնարկել է հայ-վրացական XVII հնգօրյա աստղագիտական կոլոքվիումը, որը երկու երկրների ճանաչված գիտնականներ Վիկտոր Համբարձումյանի և Եվգենի Խարաձեի ջանքերով ավանդաբար անցկացվում է 1974 թվականից, իսկ վերջին երեք տարիներին՝ դարձյալ պարբերաբար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառումն, ինչպես միշտ, ունի հագեցած ծրագիր և տասնյակ հետաքրքիր զեկույցներ:

Հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի և Վրաստանի Աբասթումանի աստղադիտարանների երկարամյա համագործակցության շրջանակներում և կոչված է ամրապնդելու այս հաստատությունների միջև գիտական կապերը: Սա նաև հիանալի հարթակ է աստղաֆիզիկական արդի մի շարք թեմաների քննարկման համար։ Ի դեպ, այս տարի կոլոքվիումին մասնակցում են նաև Նիդեռլանդները ներկայացնող գիտնականներ:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ միջոցառման ուղղվածությունը սահմանափակված չէ կոնկրետ թեմատիկայով, ներառում է աստղագիտական ուսումնասիրությունների լայն շրջանակ՝ սկսած արեգակից և արեգակնային համակարգից մինչև աստղեր, միգամածություններ, գալակտիկաներ, տիեզերաբանություն և տեսական աստղաֆիզիկա:

«Չենք սահմանափակել, որովհետև սա ոչ թե թեմատիկ միջոցառում է, այլ երկու աստղադիտարանների միջև հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցություն ձևավորելու, համատեղ նոր ծրագրեր մշակելու հնարավորություն: Հիմա Վրաստանում տեղադրել են ժամանակակից, լավ օպտիկայով ավստրիական նոր աստղադիտակ: Մենք հետաքրքրված ենք դրա միջոցով համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Նա ընդգծեց, Հայաստանի և Վրաստանի աստղագետները հիմա համագործակցում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գամմա ալիքային պայթյունների կամ հետճայթումների ուսումնասիրության շրջանակում: Դա միջազգային ծրագիր է, որի ղեկավարը Ֆրանսիայից է:

Վրացի ճանաչված աստղագետ Թեյմուրազ Կվերնաձեն «Արմենպրես»-ին հայտնեց, որ գոհ է այս ոլորտում երկու երկրների համագործակցության մակարդակից:

«Կարծում եմ, ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ձևավորվել է բավական աշխույժ և հագեցած համագործակցություն: Յուրաքանչյուր տարի անցկացնում ենք համատեղ կոլոքվիում: Լինելով դրանց մշտական մասնակից՝ կարող եմ ասել, որ ներկայացվում են շատ հետաքրքիր զեկույցներ: Դա նշանակում է, որ այս կոլոքվիումները շատ կարևոր են: Ուրախ կլինեմ, եթե ավելի շատ աշխատակիցներ և հետազոտողներ մասնակցեն այս համաժողովներին: Բացի այդ, սա սեփական գաղափարներով կիսվելու, դրանք քննարկելու և համատեղ իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Իսկ համատեղ ուսումնասիրություններ և դիտարկումներ արդեն կատարում ենք: Դա ուրախացնում է և հուսադրում: Անցյալ տարի Վրաստանում գործարկեցինք նոր մեծ աստղադիտակ՝ լավ գործիքակազմով: Դա անպայման հնարավորություն կտա գտնելու համատեղ հետաքրքիր աշխատանքներ: Այն արդեն փորձարկել ենք, համատեղ դիտարկել ենք որոշակի օբյեկտներ: Թեստային նյութը դրական արդյունքներ է տվել»,- նշեց Թեյմուրազ Կվերնաձեն:

Նա ընդգծեց նաև, որ շատ կցանկանար, որպեսզի ակտիվանա հայ և վրացի ուսանողների, երիտասարդ մասնագետների փոխգործակցությունը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում