Մերձավոր Արևելք

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել՝ աշխատանքը կատարելու անունակության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«Ավարտեցի հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան փոխանցեցի վարչապետի պաշտոնից հրաժարականիս խնդրագիրը»,- նշել է բեն Մուբարաքը։

Հրաժարական տալու իր որոշումը նա հիմնավորել է իր սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ։ Բեն Մուբարաքն ընդգծել է, որ աշխատանքի ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։

Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Եմենի Al Masdar Online հրատարակության տվյալներով՝ բեն Մուբարաքի հրաժարականը պայմանավորված է երկրի կառավարությունում առկա տարաձայնություններով։ Նշվում է, որ Եմենի նախարարների կաբինետի վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։

2014 թվականի սեպտեմբերից Եմենի կենտրոնական և հյուսիսային նահանգների մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան, վերահսկում է հութիների «Անսար Ալահ» շարժումը։ 2015 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքը ռազմական գործողություն էր սկսել Եմենի բանակին աջակցելու և վերոնշյալ տարածքները հութիների խմբավորման վերահսկողությունից ազատելու նպատակով, սակայն մինչ օրս չի կարողացել հաջողության հասնել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում