Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված Սգո մատյանում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել Սգո մատյանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Սգո մատյանը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին:
Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որին հաջորդել էր հրդեհ, հանգեցրել է առնվազն 70 զոհի։ Ըստ հրապարակված տվյալների, պայթյունի պատճառը վառելիքի լցանավի բախումն էր, որի հետևանքով նաև կոտրվել են մի քանի կմ հեռավորության վրա գտնվող շենքերի ապակիներ, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ վնասելով ներսում պահվող ապրանքները։
Հրդեհի մարման աշխատանքները արդեն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել են Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին և Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հոսեյն Զաֆարին։ Վերջինս հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, սակայն 138 վիրավոր դեռ շարունակում է ստանալ բժշկական օգնություն։
Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել էր սգո օր։