Կարևոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության համար. երկու երկրների ազգային գրադարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
4 րոպեի ընթերցում

Երևանում ապրիլի 29-ին մեկնարկած «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում երկու երկրների ազգային գրադարանների ղեկավարներ Աննա Չուլյանը և Ժիլ Պեկուն ստորագրեցին փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն նախատեսված է 3 տարով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
Աննա Չուլյանը հայտնեց, որ համագործակցության կարևոր հուշագրեր են ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների, Խարտիայի ազգային դպրոցի և «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների կազմակերպության միջև:
«Դա մեր հաստատություններին կընձեռի համատեղ նախագծերի, թվայնացման, մասնագիտական փոխանակման և հետազոտական գործունեության իրականացման նոր հնարավորություններ: Մեր գիտաժողովը նվիրված է անցյալի մշակութային ու պատմական հարուստ ժառանգության ուսումնասիրությանը և դրա միջոցով երկկողմ կապերին ու համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելուն: Հայաստանի ազգային գրադարանը 2024 թվականից շատ ակտիվ փոխգործակցում է Ֆրանսիայի նմանատիպ հաստատության հետ, որի ղեկավար Ժիլ Պեկուն ապրիլին պաշտոնավարումը սկսելու պահից պատրաստակամորեն արձագանքել է մեր բոլոր նախաձեռնություններին և առաջարկներին: Կարծում եմ, այսուհետ կունենանք Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ ապագա համագործակցության ուղենիշ՝ ներգրավվելով նաև այլ կազմակերպությունների»,- «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Աննա Չուլյանը:
Նա մանրամասնեց, որ համագործակցության շրջանակում նախատեսվում են մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստման գործընթացներ, երկու գրադարաններում առկա նյութերի թվային պատճենների և մատենագրության մասին տեղեկատվության փոխանակում, համագործակցություն թվայնացման ոլորտում, ինչպես նաև համատեղ ցուցահանդեսների, միջոցառումների, գիտաժողովների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում:
Գիտաժողովի գլխավոր բանախոս, Ավստրիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժիլ Պեկուն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Կարևոր են մասնագիտական փոխայցելությունները՝ համագործակցության ուղիների մշակման համար: Երկրորդ ուղղությունը մասնավոր հիմնադրամների ներգրավմամբ թվայնացման գործընթացի կազմակերպումն է, որը նույնպես կարևոր է: Առաջին հերթին փորձելու ենք թվայնացնել Ֆրանսիայում հրատարակված հայկական մամուլի նմուշները, որոնց եզակի օրինակները գտնվում են միայն Ֆրանսիայի ազգային գրադարանում: Նաև մտադիր ենք ցուցահանդեսներ և դասախոսություններ կազմակերպել:
Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, շատ պատկերավոր բնութագրեց նշմարվող համագործակցությունը.
«Շատ կարևոր փուլ է մեր երկրների միջև երկխոսության համար: Ազգային գրադարանները կարևոր հաստատություններ են. դրանք հայկական և ֆրանսիական մշակույթների գանձարաններից են: Հիմա ընձեռվում է բազմակողմանի համագործակցության հնարավորություն: Հայաստանի ազգային գրադարանում կա Ֆրանսիային առնչվող հարուստ հավաքածու, իսկ Ֆրանսիայի ազգային գրադարանում առկա է հայկական հարուստ հավաքածու: Պատկերավոր ասած՝ այս համագործակցությամբ մշակույթի ոլորտում տեղի է ունենալու այն, ինչ, եթե մեր երկրների կենտրոնական բանկերը միավորեին իրենց ոսկու պահուստները: Սա վկայում է մեր երկրների կապերի սերտության և փոխվստահության աստիճանի մասին»: