Իտալացի մասնագետները կվերականգնեն Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը
6 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով Հայաստան է հրավիրել Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների, որոնք տեղում արդեն սկսել են աշխատանքները։ Նրանք ներկայացնում են Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարության Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալ նախագծի և իտալացի մասնագետների խմբի ղեկավար Լապո Սոմիլին լրագրողներին հայտնեց, որ մասնագետների խումբը վերականգնողական աշխատանքների շրջանակում գործելու է ոչ միայն Գառնիում, այլև Արուճի և Դվինի հնավայրերում։
«Մեր խմբում ընդգրկված են հնագույն խճանկարներ վերականգնող իտալացի լավագույն մասնագետները։ Նախնական փուլում կատարելու ենք ուսումնասիրություն, վերցնելու ենք նմուշառումներ, իսկ երկրորդ փուլում արդեն իրականացվելու են բուն վերականգնողական աշխատանքները։ Գառնու տաճարի և բաղնիքի մասին նախնական տեղեկատվություն ստացել ենք դեռ Իտալիայում, գիտենք նաև, թե նախորդ տասնամյակների ընթացքում ինչ է իրականացվել այստեղ, բայց մեզ համար շատ կարևոր է շոշափել և հասկանալ, թե ինչ շերտերից է բաղկացած խճանկարի հիմքը։ Հետագա աշխատանքները ցույց կտան անելիքներն ու դրանց համար պահանջվող ժամանակահատվածը։ Ծրագրով նախանշված վերականգնողական աշխատանքներն, ընդհանուր առմամբ, կտևեն երեք տարի, մենք զուգահեռաբար աշխատելու ենք Արուճում և Դվինում։ Բացի դրանից, նախատեսված են տեխնիկական վարժընթացներ տեղի մասնագետների համար, ինչպես նաև զբոսաշրջային ուղիների բարեկարգում»,- ասաց Սոմիլին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը նշեց, որ 2019 թվականին նշված գերատեսչության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ պատվիրվել է Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման և ամրակայման նախագիծ։
«Ի սկզբանե որոշվեց, որ վերականգնողական աշխատանքներն իրականացվելու են իտալացի ճարտարապետների կողմից։ Հաշվի առնելով նախագծողների կողմից տրված լուծումները և բաղնիքի պատմամշակութային մեծ արժեքը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ և աջակցությամբ որոշվեց Հայաստան հրավիրել մասնագիտացված կառույցի արհեստավարժ ներկայացուցիչների, որոնք հմտացել են նման մոնումենտալ արվեստի գործերի վերականգնման ոլորտում։ Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտը գործում է 16-րդ դարից, հիմնադրվել է Մեդիչիների դինաստիայի կողմից։ Մասնագետները 2024 թվականին ժամանել են Հայաստան, իրականացրել են չափումներ և այս տարի, նախատեսվածի համաձայն, վերադարձել են և հիմա վերցնում են փորձանմուշներ՝ հետագա աշխատանքները շարունակելու համար»,- տեղեկացրեց Հովսեփյանը։
Նա հավելեց, որ նախագծով նախատեսված է նաև բաղնիքի ծածկի փոխարինում ժամանակակից ճարտարապետական լուծումներով՝ հարթ տանիքով և մետաղական թեթև կոնստրուկցիաներով։
«Կիրականացվեն աշխատանքներ նաև ջրահեռացման և ջրաթափանցման խնդիրները լուծելու նպատակով։ Պարզապես այդ լուծումները պահանջում են բավականին լուրջ մասնագիտական հետազոտություններ, ինչից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ և կարվեն շտկումներ՝ փորձարկումների հիման վրա։ Նախագծի արժեքը կազմում է 70 միլիոն դրամ, սակայն գումարի չափը կարող է հընթացս փոփոխվել՝ կապված հետագա աշխատանքների ծավալից։ Երբ համապատասխան լուծումները տրվեն փորձագետների կողմից, արագորեն աշխատանքները կշարունակվեն։ Ամռան վերջին և աշնան սկզբին իտալացի մասնագետները նմուշառումների հետ կապված հետազոտություններից հետո կվերադառնան և կսկսեն վերականգնողական և ամրակայման աշխատանքները»,- նշեց Հովսեփյանը։
Նա տեղեկացրեց, որ կա նաև Արտաշատում խճանկարների վերականգնման նախագիծ, և արդեն ընտրվել է հաղթող կազմակերպությունը, որը կներգրավի հմուտ մասնագետների։ ԿԳՄՍ նախարարությունը կփորձի իտալացիների փորձն օգտագործել նաև այնտեղ։
Գառնու տաճարի Արքունի բաղնիքը կառուցվել է 3-րդ դարում և զբաղեցնում է ամրոցի տարածքի հյուսիսային մասը։ Ներկայում այն առնված է ժամանակակից ծածկի տակ։ Այն բաղկացած է միաշար դասավորված հինգ սենյակներից, որոնցից չորսը ճակատներում արտաքուստ պայտաձև հորինվածք ունեն։ Բաղնիքի կառույցը կրկնում է Հռոմում ընդունված «հիպոկաուստ» համակարգը` ջրամբարի և ջեռուցման համակարգի համադրմամբ։
Բաղնիքի ամենից ուշագրավ մանրամասը, թերևս, 3-րդ դ. թվագրվող հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակն է։ Առասպելական-դիցաբանական բովանդակությամբ հորինվածքը կատարված է 15 տարբեր երանգների բնական քարերից։ Խճանկարի գլխավոր դրվագում (2,91 x 3,14 մ) պատկերված է ծովային տեսարան, ծովի աստված Թետիսը և այլ դիցաբանական կերպարներ։ Խճանկարի գրությունները հունարեն են, բայց պատկերները (ձկներ, ջրահարսեր, իխտիոկենտավրոսներ) ունեն արևելյան դիմագծեր։