Մարզեր

Մարտունի համայնքը ևս ընդգրկված է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրում

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքը ևս ընդգրկված է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրում

Գերմանական GIZ Armenia ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի մեկնարկային հանդիպումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայքապետարանի աշխատակազմից, ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից։ 

Հանդիպումը համախմբել է  վեց գործընկեր համայնքների ներկայացուցիչներին՝ կիսվելու իրենց տեսլականներով ու նպատակներով և սկսելու նոր համագործակցություն՝ դեպի ավելի ներառական և արդյունավետ տեղական ինքնակառավարում։ 

Գործընկեր համայնքների թվում է Մարտունի համայնքը, և հանդիպմանը մասնակցել է  նաև Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի աշխատակից Վարազդատ  Մհերյանը։

«Կարելի է ասել, որ այս հանդիպմամբ արդեն տրվել է ծրագրի մեկնարկը։ Այն իրականացվելու է 3 ուղղություններով։ Առաջին ուղղությունը ներառում է համայնքային ծառայությունների որակի և մատչելիության բարելավումը, երկրորդ ուղղությունը՝ համայնքի տնտեսական զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, երրորդ ուղղությունը՝ վարչական ծառայությունների որակի բարելավումը և կատարողական կարգապահությանն ուղղված գործիքների մշակումը։ Ծրագրի շրջանակներում կմշակվեն ներդրումային անձնագրեր, որոնց հիման վրա կկազմվի համապատասխան ծրագրերի ցանկ՝ ներդրողներին ներգրավելու նպատակով։ Ներդրումային ծրագրերն ուղղված կլինեն ինչպես համայնքի ենթակառուցվածքների, այնպես էլ՝ արտադրության զարգացմանը։ Վարչական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ նախատեսվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի ստեղծում»,-ներկայացրեց Վարազդատ Մհերյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում