Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է․ Իրանի ՆԳ նախարար
1 րոպեի ընթերցում

Իրանի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը անփութության ու թերությունների հետևանք է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից՝ այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։
Պաշտոնյայի խոսքով՝ նավահանգստում անվտանգության հարցերին և քաղաքացիական պաշտպանության կանոնակարգերին լուրջ չեն վերաբերվել։
Նախարարը հայտնել է, որ պայթյունի առնչությամբ մի շարք անձինք հարցաքննության են ենթարկվում։
Մոմենին հաստատել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 46 և վիրավորվել ավելի քան 1200 մարդ։ Նա նաև հավելել է, որ բժշկական խմբերը կիրառում են դատաբժշկական մեթոդներ և ԴՆԹ թեստավորում՝ մարմինները նույնականացնելու համար։
Պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։
Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։