Աշխարհ

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հերթական սրացման խորապատկերում այդ երկրների զինվորականներն արդեն երկու օր կրակոցներ են փոխանակում սահմանային գոտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքի տիրապետող այս պետությունների հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ: 

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։  

Նշվում է, որ պակիստանցի զորքերը Հնդկաստանի ուղղությամբ կրակ են բացել նաև հինգշաբթի կեսգիշերին: Հնդկական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Պակիստանն առայժմ չի մեկնաբանել միջադեպերի մասին հաղորդումները:

Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։ 

Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը: 

Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում