Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնությանը․ Թրամփ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնության հասնելուն, իսկ հրադադարի հաստատման նախագծի հիմնական կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth սոցիալական կայքում արված գրառման մեջ։
«Լավ օր էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների և հանդիպումների համար։ Նրանք շատ մոտ են համաձայնության գալուն, և երկու կողմերն այժմ պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակներով՝ ավարտելու այն։ Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրեք արյունահեղությունը հիմա։ Մենք կլինենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի նպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի ավարտին»,-նշված է Դոնալդ Թրամփի գրառման մեջ։
Նշենք, որ նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի արդեն չորրորդ հանդիպումը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։