ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարի սկիզբին ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում հայտնված մարդկանց վավերագրերը, հուշագրությունները, մամուլի հրապարակումները, որոնք վերստին լույս են սփռում Օսմանյան Թուրքիայի ղեկավարների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանում հավատարմագրված մի քանի երկրների դեսպաններ և այլ հյուրեր։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Վերջինս, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է այն դիվանագետների, միսիոներների, մարդասիրական գործիչների, զինվորականների, լրագրողների և թարգմանիչների հիշատակին, ովքեր բացառիկ բարոյական տոկունության և անսասան հաստատակամության կրողներ են եղել և փաստագրել են հայ ժողովրդի դեմ ուղղված ծրագրավորված ցեղասպանությունը։ 

«Այդ գործիչները ընտրեցին խոսելը, երբ շրջապատում տիրում էր հաշվարկված լռությունը։ Ավելի քան 1 դար առաջ այս մարդիկ խորապես գիտակցեցին իրենց տեսածի ողջ կանխամտածվածությունը և դա վավերացնելու կարևորությունը։ Նրանց վկայությունները պարզապես արձանագրումներ չէին, դրանք հիշողության ոչնչացման դեմ ուղղված բարոյական դիմադրության գործողություններ էին։ Բրիտանացի գիտնական և քաղաքական գործիչ Ջեյմ Բրայսը և նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին կազմեցին, և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից հրատարակվեց «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուն»,-իր ելույթում նշեց Գզոյանը։ 

Էդիտա Գզոյանը ներկաների համար ընթերցեց Հայոց ցեղասպանությանն ականատես մի խումբ գործիչների վկայություններ, որոնք ևս ներկայացված են ցուցահանդեսում։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր նպաստել են ցուցահանդեսի իրականացմանը։ Նա նաև երախտիքի խոսք հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որի ֆինանսավորմամբ հնարավոր է եղել կազմակերպել ցուցադրությունը։ 

«Ես հուսով եմ, որ այս ցուցադրությունը յուրաքանչյուրը կլքի ինձ ոչ միայն ավելի լավ ըմբռնելով Հայոց ցեղասպանությունն, այլև վերահաստատելով մեր հավատը` չվախենալ, չնահանջել և պայքարել արդարության համար»,-եզրափակեց Էդիտա Գզոյանը։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող և ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանն իր խոսքում նշեց, որ ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնել աշխարհի արձագանքը Հայոց ցեղասպանությանն՝ ինչպես առանձին պետությունների, կառավարությունների, այնպես էլ անհատների մակարդակով։ 

«Ցուցադրության նպատակն է նաև և մեկ անգամ փաստել այն կարևոր իրողությունը, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն ամենափաստագրված հանցագործություններից մեկն է մարդկության դեմ։ Ցուցադրության մեջ խոսում են ականատես վավերագրողները, պատմում են իրենց տեսած և ապրած սարսափների մասին։ Դրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին՝ դիվանագետներ, զինվորական ծառայողներ, ճանապարհորդներ, միսիոներներ, պատերազմի բերումով օսմանյան գերության մեջ հայտնված ռազմագերիներ, ովքեր, ամենատարբեր հանգամանքներից ելնելով, Առաջին աշխարհամարտի սկզբին հայտնվել էին Օսմանյան կայսրությունում և անկախ իրենց կամքից, ականատես դարձան մի ամբողջ ազգի բնաջնջմանը։ Նրանք այդ օրհասական օրերին կարողացան հուշագրել, զեկուցագրեր, տեղեկագրեր հղել տարբեր կազմակերպություններին, իրենց պետություններին, կառավարություններին՝ տեղեկացնելով հայերի դեմ կատարվող ոճիրների մասին»,-նշեց Սեդա Պարսամյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ այս բոլոր վավերագրերը չափազանց կարևոր սկզբնաղբյուրային նյութ են և նաև բացառիկ վավերագրեր են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում։ 

«Այս ցուցադրության մեջ ներկայացված են նաև ժամանակի վավերագրման միջոցներ՝ 20-րդ դարի սկզբի ֆոտոխցիկներ, տպագրամեքենաներ, Մորզեի հեռագրական սարք և այլն։ Ցուցադրության մեջ ներկայացվում են նաև թուրք վավերագրողներ՝ պետական, հոգևոր գործիչներ, որոնք ոչ միայն հուշագրել են, այլև դատական գործընթացներով, ինչպես նաև ժամանակի մամուլում արձանագրել են, խոսել են հայերի դեմ իրագործված ոճիրների մասին»,-նշեց Պարսամյանը՝ հայտնելով, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը։

Ելույթներից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրեց ցուցահանդեսի նմուշները՝ մանրամասն տեղեկացնելով յուրաքանչյուր նմուշի պատմությունը։ 

Գերմանական արտադրության ֆոտոխցիկ, 19-րդ դարի վերջ/20-րդ դարի սկիզբ

Հայերեն