Տնտեսություն

Զարգացող ընկերություն և օրինակելի հարկատու. «Երեմյան»-ի հաջողության գրավականը

10 րոպեի ընթերցում

Զարգացող ընկերություն և օրինակելի հարկատու. «Երեմյան»-ի հաջողության գրավականը

«Երեմյան» ընկերությունների խմբի ստեղծման և կայացման պատմությունը հաջողված գործարարության դասական օրինակ է՝ հիմնված մտահղացման, գաղափարների արդյունավետ ու համարձակ իրականացման, նպատակասլաց զարգացման և ընդլայնման ռազմավարության վրա: Շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեցող ընկերությունների խումբը ներկայում կայուն և ուրույն տեղ ունի Հայաստանի սպասարկման և սննդի արդյունաբերության ոլորտներում:

Հաճելիի և օգտակարի համատեղման արդյունքը

«Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը «Արմենպրես»-ին ներկայացնելով ընկերության անցած ուղին՝ առանձնակի կարևորեց մեկնակետում հավակնոտ նշաձողի սահմանումը:

«Մեր ընկերությունը պաշտոնապես հիմնադրվել է 2006 թվականին՝ «Պանդոկ Երևան» առաջին ռեստորանի բացմամբ, սակայն բիզնես գործունեություն սկսել ենք ծավալել դրանից դեռ հինգ տարի առաջ: Այդ տարիներին Երևանում նոր գաղափարով ու համարձակ նպատակով ռեստորան բացելը խիզախ քայլ էր, որին քչերն էին հավատում։ Թերահավատ էին, որովհետև գոյություն չուներ ռեստորանային ոլորտ, առկա էին ռեստորանների հանդեպ կարծրատիպային ընկալումներ և կար մասնագիտական կարողությունների հսկայական բաց։ Այդ օրերին երազանք էր ստեղծել մի վայր, ուր մարդիկ կգային ընտանիքներով, կմատուցվեր հայկական ավանդական խոհանոցն իր հարստությամբ ու համուհոտով, կլիներ ազգային շունչ, բարձրակարգ սպասարկում և, իհարկե, ջերմ միջավայր։ Դա, իրոք, երազանք էր, որին հավատացի ու աշխատանքով կյանքի կոչեցի, որովհետև իրապես կարիք կար զարգացնել ոլորտը, ներկայացնել մեր ազգային խոհանոցը և հայկական հյուրընկալության բազմադարյա ավանդույթները, նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը»,- նշեց նա։

«Պանդոկ Երևան»-ի հաջողությունը ոգևորիչ էր, այն նպաստեց ցանցի ընդլայնմանը, որը համալրեցին «Պարոնյան», «Ամիրյան», «Տերյան», «Պանդոկ Երևան Գետափ»-ին մասնաճյուղերը: Փոփոխություններ իրականացնելու, աշխարհի գաստրոքարտեզին Հայաստանը ներկայացնելու և տնտեսությունը զարգացնելու նպատակներն ընկերությանը մղեցին հետագայում ստեղծելու նոր հայեցակարգեր՝ հայկական, եվրոպական, իտալական, ինչպես նաև խոհարարական տարբեր ավանդույթների համադրմամբ ռեստորաններ։

Դավիթ Երեմյանն ընկերության հպարտությունն ու մեծագույն ձեռքբերումն է համարում 2021 թվականին Հայաստանում և աշխարհում միակ հայկական բարձր հեղինակային խոհանոցով «Ռենոմե» ռեստորանի բացումը: 

Այսօր արդեն «Երեմյան» ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում քաղաքի բնակիչներին ու հյուրերին է ներկայանում 19 ռեստորաններով՝ 13 հայեցակարգով։

Ձգտելով բարձրագույն չափանիշների

Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում միայն հյուրընկալության ոլորտով։ Հաճախորդներին առավելագույնս գոհացնելու և լավագույնը մատուցելու մղմամբ՝ ընկերությունը ձեռնամուխ եղավ սննդամթերքի որոշ տեսակների սեփական արտադրության կազմակերպմանը: 

«Ռեստորանային բիզնեսը սկսելիս՝ մեզ համար ոսկե կանոն էր ուտեստները բարձրորակ մթերքներից պատրաստելը, բայց մթերքի որակը ոչ միշտ էր գոհացնում: Անհրաժեշտ էին այնպիսի կաթնա ու մսամթերք, որ կարժանանային մեր բծախնդիր խոհարարների հավանությանը, կլինեին իսկապես բնական և առողջարար։ Նման որակի մթերք գտնելը գրեթե անհնար էր։ Միակ տարբերակը՝ սեփական ստանդարտներին համապատասխան մթերատեսակների արտադրության հիմնումն էր, որն էլ իրագործեցինք՝ Հայաստանի հյուրընկալության ոլորտում առաջին անգամ ներմուծելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգը։ 

2019 թվականին Ջերմուկում հիմնեցինք մեր առաջին անասնապահական համալիրը: Քովիդի համավարակի ընթացքում, երբ ռեստորանային ոլորտը չէր գործում, որոշեցինք մեր կաթնամթերքը վաճառել սուպերմարկետներում։ Որակի և համի շնորհիվ այն միանգամից սիրվեց ու դարձավ պահանջված։ 2023 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվեց մեր երկրորդ ֆերման, որն իր տեսակով եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այստեղ վերահսկվում է կաթնարտադրության ամբողջ փակ շղթան՝ սկսած կերի արտադրությունից մինչև կովերի առողջական վիճակի մոնիթորինգ, կիթի գործընթաց, կաթի որակի վերահսկում, մաքուր բնական կաթի ստացում: Այն տեղափոխվում է Երևանի գործարան և օգտագործվում «Երեմյան» կաթնամթերքի տեսականու արտադրությունում։

Մեզ համար անքննելի առաջնահերթություն է հասարակության առողջությունը, առողջ սովորույթների և ապրելակերպի, նաև կաթ խմելու մշակույթի ձևավորումը։ Միևնույն ժամանակ, մեր նախագծերը միտված են գյուղատնտեսության զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը»,- ներկայացրեց Դավիթ Երեմյանը։

Խոհարարական արվեստ և հյուրընկալության ակադեմիա

Կարևորելով ընկերության աշխատակիցների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ապահովումը՝ ընկերությունների խմբի ղեկավարությունը 2019 թվականին հիմնեց «Երեմյան» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի հիմնական ու գլխավոր առաքելությունն է կրթելը, ուսուցանելը և վերապատրաստելը։

«Ակադեմիան այսօր ծառայում է Հայաստանի ողջ ռեստորանային ոլորտին։ Այն ընդլայնել է իր կրթական ուղղությունները և, համագործակցելով Մեծ Բրիտանիայի City of Oxford քոլեջի հետ, մշակել է 65 ծրագիր։ Այդ ծրագրերի դասընթացների ավելի քան 2000 շրջանավարտների 90 տոկոսը ոլորտ են վերադարձել բոլորովին նոր մրցունակության աստիճանով։ Ակադեմիան համագործակցում է շուրջ 40 միջազգային և տեղական գործընկերների հետ՝ դառնալով Հայաստանի խոհարարական դիվանագիտության կամուրջը»,- նշեց Դավիթ Երեմյանը։ 

Հաջողության գրավականը

Դավիթ Երեմյանն ընդգծեց, որ գործարարության ոլորտում իրենց հաջողությունն ամենից առաջ պայմանավորված է նախապես սահմանված ու ձևակերպված նպատակներով.  «Յուրաքանչյուր ընկերության հաջողության համար կարևոր է նպատակի սահմանումն ու դրան անշեղորեն հետևելը։ Մեզ համար կարևորագույն արժեքներ են եղել և մնում բարձր որակն ու պրոֆեսիոնալիզմը մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում, ինչպես նաև ազնվությունը, նվիրվածությունը և աշխատասիրությունը։ Պատահական չենք ընտրել մեր կարգախոսը՝ «Աշխատանքը սկսվում է երազանքից»։

Մեր հաջողության գրավականի մասին խոսելիս՝ չեմ կարող չնշել նաև թիմի կարևորությունը։ Չկա հաջողակ բիզնես, որը հիմնված չլինի նվիրյալ թիմի վրա»,- համարում է գլխավոր տնօրենը։

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում հաջողակ ընկերություն ստեղծելու համար

Այս հարցին պատասխանելիս՝ Դավիթ Երեմյանը դարձյալ խոսեց նպատակի ու գաղափարի կարևորության մասին։

«Անհրաժեշտ է մեծ ու կայուն նպատակ և նոր՝ հետաքրքիր գաղափար։ Ո՞րն է իմ խորհուրդը սկսնակ գործարարներին: Իմ սկզբունքն այս առումով միանշանակ է. եթե նպատակ ունես, պետք է գնաս դրա հետևից և կատարես համարժեք գործողություններ։ Անհնար է առանց օրնիբուն աշխատելու հասնել մեծ նպատակների իրագործմանը։ Հետևաբար հաջողության ճանապարհը, ըստ իս, անցնում է գաղափար-նպատակ-աշխատանք շղթայով»,- նշեց նա:

Հայաստանի գործարար միջավայրի մասին

Որքանո՞վ են Հայաստանի հարկային քաղաքականությունը, վարչարարությունը և մյուս պայմանները նպաստավոր բիզնեսի զարգացման համար:

«Վերջին տարիների փոփոխությունները դրական մեծ ազդեցություն են թողել բիզնեսի զարգացմանը, ստեղծվել են նպաստավոր միջավայր և պայմաններ։ Միշտ ձգտել ենք դառնալ խոշոր հարկատու՝ մեր գործունեությամբ նպաստելով պետության առաջընթացին։ Կարևոր է տեսնել, որ մեր վճարած հարկերը ծառայում են մեր ժողովրդի ու երկրի բարեկեցության ապահովմանը։ Թե՛ հարկային քաղաքականությունը, թե՛ վարչարարությունը թափանցիկ են, ինչը ստեղծում է նպաստավոր բիզնես միջավայր։ Ուրախ եմ, որ Հայաստանում գործարարությամբ սկսում են զբաղվել թարմ ու հետաքրքիր գաղափարներ ունեցող բազում երիտասարդներ՝ բերելով նոր շունչ և նոր մոտեցումներ:

Շատ տարիներ առաջ, երբ նոր էի սկսել զբաղվել ռեստորանային բիզնեսով, քչերն էին հավատում, որ այս ոլորտը կարող է դառնալ խոշոր հարկատու, իր նպաստը բերել տնտեսության զարգացմանը։ Բայց ես հավատում էի իմ նպատակին, կարևորում էի ազնվությունը բիզնեսում: Նույն խորհուրդ եմ տալիս բոլոր սկսնակ գործարարներին»,- ասաց Դավիթ Երեմյանը։ 

Նայելով դեպի ապագա

Զարգացման ու առաջխաղացման մղումը երբեք չի դադարում: Դավիթ Երեմյանը նշեց, որ իր ղեկավարած ընկերությունների խումբը միշտ մտածում է առաջ գնալու, հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում նորույթներով ու նորարարություններով հանդես գալու մասին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում