Ծովազարդի և Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը դարձել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթողներ
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև:
Ներդպրոցական փուլն անցկացվել է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Այս փուլում կազմակերպվել են առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվեցին դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը: Ապրիլի 1-6-ը դպրոցական թիմերը մասնակցել են համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել՝ մասնակցելու մարզային փուլի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի ապրիլի 16-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում` Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 18-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ տեղում էր Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմին:
Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ:
Սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն` 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Ծովազարդի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը: