Երևան

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ

3 րոպեի ընթերցում

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ

Երևան քաղաքում 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ, որոնցից 588-ը մեծ վահանակներ են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով գովազդային կրիչների թվայնացման աշխատանքներին։

Նիստի ընթացքում նշվեց, որ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով GIS համակարգում կատարվել են մի քանի փոփոխություններ։

«Առաջինն արտաքին գովազդի ոլորտում իրականացված փոփոխություններն են,  մասնավորապես գովազդային կրիչների թվայնացումը։ Ստեղծվել է համապատասխան հարթակ՝ «Մոբայլ մափինգ» գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա գովազդային կրիչները, ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը և, ըստ այդմ, ընդունել որոշումներ»,-նշեց զեկուցողը՝ հավելելով, որ մյուս փոփոխությունները վերաբերում են մայրաքաղաքում գործող սննդի կետերին, կոմունալ և այլ ծառայություններին։ 

Վերջինիս խոսքով՝ այդ կրիչներն անընդհատ թարմանալու են։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն անդադար, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում առկա արտաքին գովազդի վահանակները մեծ փոփոխությունների են ենթարկվել, այդուհանդերձ, այդ ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա կատարելու։ 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր 21 հազար 902 գովազդային կրիչ է ապամոնտաժվել, որոնցից 588-ը մեծ վահանակներն են։

«Այս կրիչները Երևանի քաղաքապետարանի կողմից տրվում են կոնկրետ ժամկետով և հավիտյան բնույթ չեն կրում։ Եթե ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ քաղաքային միջավայրում այդ կրիչներն այլևս տեղին չեն, քաղաքապետարանը կարող է ժամկետի սպառումից հետո նորից քննարկել դրանց նպատակահարմարությունը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։ 

Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ իրականացված թվային փոփոխություններն էականորեն փոխում են աշխատանքի տրամաբանությունը, ինչպես նաև բարձրացնում են քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում