3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայքն կատարած այցելությանը՝ նշելով, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունն, պետք է այցելեն Կիրանց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսնյութ։
«Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»,-նշված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու՝ Կառավարության ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքներին:
«Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության (տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսագումարի չափով մարման համար-խմբ.) մի քանի տասնյակ տներ են կառուցվում»,-նշված էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կիրանց համայքն այցելությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։