ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը կողմերի տրամադրվածության դեպքում. Ռուբիո
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել կարգավորելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ տրամադրված են խաղաղության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Փարիզում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եթե երկու կողմերն էլ լրջորեն տրամադրված են խաղաղության հասնելուն, այդ ժամանակ մենք կցանկանանք օգնել», - ընդգծել է նա։
Պետքարտուղարը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն ավարտելու հնարավորության մասին ըմբռնումը կլինի «մի քանի օրվա» ընթացքում։
«Մենք չենք պատրաստվում շարունակել այդ աշխատանքը շաբաթներով և ամիսներով: Ուստի մեզ անհրաժեշտ է շատ արագ որոշել, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, թե իրագործելի՞ է արդյոք դա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Եթե այո, ապա մենք պատրաստ ենք», - նշել է Ռուբիոն:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կարող են օգնել՝ հասնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման:
Ապրիլի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ըստ Ելիսեյան պալատի տեղեկատվության՝ այդ «կառուցողական բանակցություններն» օգնել են «մոտեցնել դիրքորոշումները» ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը նաև բանակցություններ են վարել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի, Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլոետների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Ըստ AFP գործակալության՝ հինգ երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Լոնդոնում: