ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությունը կնպաստի ուսանողների գիտելիքների և հմտությունների հարստացմանը․ ստորագրվել է հուշագիր
6 րոպեի ընթերցում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ապրիլի 17-ին ստորագրեցին նշված կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանը միտված փոխըմբռնման հուշագիր։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փոխգործակցության նպատակն է ապահովել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությունը ՊԵԿ նախագծերում։ Դա կոչված է նպաստելու համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական և գործարար միջավայրի վերաբերյալ հետազոտությունների կատարելագործմանը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այս կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանը, կարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, նշեց, որ համագործակցությունը նպատակաուղղված է խթանելու ուսանողների ու հետազոտողների ներգրավվածությունը ՊԵԿ-ի տվյալահեն նախագծերում՝ նպաստելով մասնագետների նոր սերնդի պատրաստմանը։
Փաստաթղթի ստորագրման արարողությանը հաջորդեց Կիրառական հետազոտությունների աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հարկային վարչարարությունում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության կիրառմանը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ վերջին տարիներին ՊԵԿ-ը հետևողականորեն ներդնում է ժամանակակից տվյալահենք լուծումներ՝ աշխատանքը դարձնելով ավելի թիրախային, արդիական և թափանցիկ։ Կառույցը կարևորում է համագործակցությունը միջազգային և ակադեմիական համայնքների հետ, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով էապես նպաստել են ՊԵԿ-ի ռազմավարական նախաձեռնությունների զարգացմանը։
«Աշխատաժողովի նպատակը ոչ միայն արդեն իրականացված համագործակցության արդյունքների ամփոփումն է, այլև առաջիկա նախաձեռնությունների կարևորության ընդգծումը։ Սա արժեքավոր հարթակ է՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, որոնց միջոցով կարող ենք համատեղ ձևավորել արդյունավետ, տվյալահեն և առաջադեմ մոտեցումներով առաջնորդվող պետական համակարգ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հանրային ծառայության նոր մակարդակի ձևավորմանը։ Այս համագործակցությունը ոչ միայն ակադեմիական և պետական հատվածների միջև կամուրջ կդառնա, այլ նաև խթան կհանդիսանա Հայաստանում արհեստական բանականության ու տվյալագիտության ոլորտների համապարփակ զարգացման համար»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց․
«Համագործակցությունը ենթադրում է, որ պարբերաբար անդրադառնալու ենք տարբեր ծրագրերի։ Դրա ներքո հնարավոր կլինի իրականացնել այն ծրագրերը, որոնք այսօր ցուցադրում ենք։ Դա արհեստական բանականության օգտագործումն է հարկային ծառայությունում։ Լուծելու ենք նաև այլ խնդիրներ՝ սովորական վերլուծություն անել, մեր ուսանողներին ընձեռել պրակտիկայի հնարավորություններ և այլն։ Դա ենթադրում է նաև ուսանողների վերապատրաստում պետական ծառայությունում»։
Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ համաձայնագիրը կնքվել է 4 տարով, բայց ենթակա է երկարաձգման։
ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի համագործակցության շրջանակում՝ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի և Աֆեյան ընտանիքին պատկանող հիմնադրամի աջակցությամբ 2019 թվականից համատեղ իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես, հարկերից խուսափելու մոդելի մշակում՝ ՊԵԿ տվյալների, փորձագիտական գնահատականների և մեքենայական ուսուցման գործիքների համադրմամբ։ Գործող օրենսդրությամբ՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող տարեկան ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների ցանկերի 10 տոկոսը ձևավորվում է այդ մոդելի աշխատանքի արդյունքում։ Մշակվել են նաև ապրանքների հետագծելիության մոդելներ, ինչպես նաև իրականացվել է տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների վարքագծի վերլուծություն՝ ռիսկային վարքագծի օրինաչափությունները գնահատելու նպատակով։
Համաշխարհային բանկի աջակցությամբ 2024 թվականին մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի համար ռազմավարական նշանակություն ունեցող մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ամբողջական համակարգի ներդրման ծրագիրը։ Այն իրականացվում է միջազգային և տեղական փորձառու գործընկերների՝ Բոստոնում գործող Interpretable AI և Երևանում գործող Daniam LLC ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նշանավորում է տեխնոլոգիական առաջընթացի նոր և նշանակալի փուլ՝ ՊԵԿ-ի աշխատանքային մոտեցումների և տվյալահեն քաղաքականության իրականացման ճանապարհին։
Համագործակցային նախագծերը նպաստել են նոր մոդելների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը՝ խթանելով ՊԵԿ կառավարման արդյունավետության բարձրացումը, հաշվետվողականությունը։