Գավառի պետական համալսարանում կայացել է Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության ուղին. 2008-2018 թվականներ» գրքի շնորհանդեսը
3 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում կայացել է բուհի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին․ 2008-2018» եռահատոր գրքի շնորհանդեսը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատությունը ներկայացրել են հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և դասախոս Օլգա Ղազարյանը։
Բանախոսները արձանագրել են, որ ծավալուն ու բովանդակալից եռահատոր աշխատությունը առանձնանում է ոչ միայն իր փաստագրական ընդգրկմամբ, այլև ազգային-պետական գաղափարախոսական հենքով։ Եռահատորյակում ամփոփված են տասնամյակի ընթացքում հեղինակի ծրագրային ելույթները, ներկայացված են համազգային տեսլականները, համահայկական նախաձեռնությունները, ինչպես նաև հոգևոր և մշակութային պատգամները՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։
Աշխատությունը շոշափում է հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են հայության ազգային ինքնությանը, միասնականությանն ու ապրող ազգային ոգուն։ Գիրքն ունի պատմագրական արժեք՝ որպես ժամանակաշրջանի վկայագիր, որտեղ արտացոլված են ինչպես պաշտոնական մոտեցումները, այնպես էլ հանրային ընկալումները՝ Սփյուռքի դերակատարման, հայապահպանության և ազգային ինքնության խնդիրների վերաբերյալ։
Ինչպե՞ս ապահովել Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործում, ի՞նչ ռազմավարություններ են անհրաժեշտ մայրենիի պահպանման համար, ինչպե՞ս խթանել հայրենադարձությունը և կանխել ուծացումը, ինչպե՞ս է հնարավոր համախմբել տասը միլիոն հայությանը համազգային ծրագրերի, համահայկական մտածողության և գաղափարախոսության շուրջ։ Այս հարցադրումների պատասխանը հեղինակը տալիս է որպես պետական գործիչ և մտավորական՝ առաջարկելով գործնական միջոցառումներ, օրենսդրական փոփոխությունների նախագծեր, կրթական և մշակութային ծրագրեր։
«Գնահատելով եռահատորյակի պատմական, գիտական ու գործնական արժեքը՝ բանախոսներն ընդգծել են, որ աշխատասիրությունն արժեքավոր է որպես պատմական վավերագրական փաստաթուղթ՝ պետական ինստիտուտի գործունեության փաստագրությամբ, որպես գործնական ուղեցույց՝ Սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցների և անհատների համար, որպես գաղափարախոսական մանիֆեստ՝ համազգային միասնության, ինքնության պահպանման, հայոց լեզվի և մշակույթի պաշտպանության գործում։
Բանախոսները աշխատությունը համարեցին որպես հայ ժողովրդի նորագույն պատմության ու սփյուռքագիտության մեջ կարևոր ներդրում և երախտագիտություն հայտնեցին հեղինակին»,-ներկայացրին Գավառի պետական համալսարանից։