Մարզեր

Սևան համայնքի ավագանու հերթական նիստին անդրադարձ է կատարվել սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի ավագանու հերթական նիստին անդրադարձ է կատարվել սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Մարիաննա Ռաֆայելյանը ներկայացրել է 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը: 

Հաշվետվության համաձայն՝ վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 106.2 տոկոսով․ գերակատարումը կազմել է 8 միլիոն 732.6 հազար դրամ: 

Եկամտատեսակներից գերակատարվել է հողի հարկը՝ 165.9 տոկոսով, տեղական տուրքերը՝ 8 անգամ, վարձակալության վճարը՝ 3 անգամ, ինքնակամ կառույցների օրինականացման վճարների պլանը՝ շուրջ 3 անգամ։ Տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրումը կազմել է 97.5 տոկոս , աղբահանության վճարը՝ 79.7 տոկոս:

Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ներկայացրել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը: 

Ավագանին հաստատել է  2025 թվականի 1-ին եռամսյակում Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:

Ավագանու որոշմամբ Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում և համայնքի աշխատակազմում ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով և սահմանվել գործունեության կարգը:

Սևան համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ Ծաղկունք բնակավայրում անվանակոչվել են փողոցներ: 

Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:

Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել համայնքում մեկնարկած սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում