Քաղաքականություն

Ֆայոնը Փաշինյանին հայտնել է Հվ. Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերին աջակցության և «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորության մասին

2 րոպեի ընթերցում

Ֆայոնը Փաշինյանին հայտնել է Հվ. Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերին աջակցության և «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:

Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: 

Իր հերթին, Տանյա Ֆայոնը վերահաստատել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով երկխոսության և դիվանագիտական փոխգործակցության կարևորությունը: Միաժամանակ, նա շեշտել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանն ու սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում