Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը մեծ ակնկալիքներ ունի նոր օլիմպիական շրջանից
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը լիահույս է` գալիք օլիմպիական քառամյա շրջանում ընտրանու տղաներն ավելիին կհասնեն:
«Թիմի մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում գնահատում եմ բավարար: Նրանք լավ հանդես եկան, բայց մենք նրանցից ավելին էինք ակնկալում: Սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բայց լիահույս եմ, որ հաջորդ մրցաշարերին ավելի լավ հանդես կգան: Դեռևս լիովին չենք հասցրել վերլուծել պարտությունների պատճառները: Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալը հեշտ գործ չէ: Մեր մարզիկները մրցել ու զիջել են Օլիմպիական խաղերի մեդալակիրներին ու աշխարհի առաջնությունների չեմպիոններին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը:
Ենոքյանի խոսքով` ներկայիս ընտրանու դրական արդյունքները հավաքականում իրար նկատմամբ հոգետարության և ջերմ մթնոլորտի շնորհիվ է:
«Լիահույս եմ` առաջիկա 4 տարիների ընթացքում հավաքականի տղաներն ավելին կարող են անել ու ավելիին կհասնեն»,-առանձնացրեց նա:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից արծաթե մեդալներ նվաճեցին Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը: Բրոնզի արժանացավ Վազգեն Թևանյանը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է: