Իրավունք

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է լրջորեն քննարկել Հայաստանի դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է լրջորեն քննարկել Հայաստանի դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համատեքստում պետք է լրջորեն քննարկեն դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտներ ներդրման հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ 

«Ես երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն խնդրի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգն էականորեն հեռացրել ենք ժողովրդից՝ կտրելով օրգանական կապը ժողովրդի և դատական համակարգի միջև։ 

Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք պետք է լրջորեն քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ և հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում կարող է լինել արդարադատության չիրականացման խնդիր։ Նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ։ Բացի այդ, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի,  դատավորի դեպքում։ Ինչո՞ւ ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից՝ ասելով, քանի որ Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, դատախազ չունենանք, քննիչ չունենանք»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արդարության և արդարադատության ոլորտում առկա խնդիրները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ 

«Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, բակի, շենքի մարդիկ են՝ մեր կողքին ապրած և մեր կողքին ապրող։  Եթե մենք նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը՝ որպես օպերատիվ աշխատողների, դատավորների, քննիչների և դատախազների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երդվյալ ատենակալների, և այդ դեպքում արդարադատությունը, ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից, արդարադատությունը կլինի նույնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդն ավելի արդար է, քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ և ցանկացած ոստիկան»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում