Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցերեկույթ՝ Գավառի պետական համալսարանում
2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել «Կնոջը գովերգում են բոլոր մուսաները» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը կազմակերպվել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանի նախաձեռնությամբ։
Ցերեկույթը մեկնարկել է խորհրդանշական ներկայացումով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տեսարանով։ Գաբրիել հրեշտակապետի և Մարիամի հանդիպումը ներկայացվել է որպես մայրության, լույսի ու հավատքի խորհրդանիշ։ Միջոցառման ընթացքում հիշատակվել են աշխարհահռչակ հայ կանայք, ովքեր բարձր են պահել մեր ժողովրդի անունն աշխարհի տարբեր անկյուններում։
Ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնել Գավառի պետական համալսարանի համահիմնադիր, պետական-քաղաքական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանին՝ պետականաշինության, օրինաստեղծման, կրթության, գիտության ոլորտներում անգնահատելի ավանդի համար։
Հրանուշ Հակոբյանը կարևորել է կանանց դերը կյանքի շարունակականության ապահովման, աճող սերնդի կրթության և դաստիարակության, ազգային արժեքների պահպանման ու փոխանցման, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների զարգացման գործում:
Ցերեկույթին մասնակցել և իրենց ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները ԳՊՀ ուսանողուհիներին և կին դասախոսներին են ուղղել «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանը, Երևանի թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակազմը, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեթոդիստ Ռուզան Վարդանյանը։
Տոնական օրն իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարել են Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի և Նորատուսի արվեստի դպրոցի սաները։