Սարուխան գյուղի Թումանյան փողոցը հիմնանորոգվում է
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ընթանում են Թումանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարությունն ընթանում է ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Սարուխան գյուղի Թումանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է փողոցի հիմնանորոգում՝ ասֆալտապատման միջոցով՝ 483 մետր ընդհանուր երկարությամբ և 2264 քմ մակերեսով։ Շինաշխատանքներն իրականացնում է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն։
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։