Հիմնանորոգվում է Գեղարքունիք գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում մեկնարկել և ընթանում են գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքները կազմակերպվել են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Գեղարքունիք գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 51 միլիոն 847 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 535 մետր ընդհանուր երկարությամբ և 2926 քմ մակերեսով։ Կառուցվելու է նաև 150 մետր երկարության միակողմանի մայթ, տեղադրվելու է ջրահեռացման համակարգ։
Շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսին, իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։