Բերդկունք բնակավայրում գրադարանի տարածք է վերանորոգվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում գրադարանի համար նախատեսված առանձին տարածք է վերանորոգվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբից և ընթացքի մեջ են։
Վերանորոգման նպատակով Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից 1 միլիոն 800 հազար դրամ գումար է հատկացվել։
«Բերդկունքի գրադարանն ունի շուրջ 5500 կտոր գիրք։ Գրադարանային տարածքը 2007 թվականին Բերդկունքի համայնքապետարանի որոշմամբ հատկացվել է Հայրավանքի դպրոցի ճաշարանին, իսկ գրքերը հանգրվանել են գրադարանավար Մարգարիտա Վարդանյանի բնակարանում։ Շուտով այդ գրքերը կտեղափոխվեն ու տեղ կգտնեն վերանորոգված ու կահավորված գրադարանում, կհամալրվի նաև գրքային ֆոնդը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն ապրիլի վերջերին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։