Մեկնարկել են Սևան քաղաքի ճանապարհների նորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրում ընդգրկված են Նաիրյան, Սայաթ-Նովա, Շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովհ. Թումանյան, Չարենց, Հրազդան, Շահումյան փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման աշխատանքները։
Աշխատանքների մեկնարկը տրվել է Վլ. Կարապետյանի անվան հրապարակից:
Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում։
Աշխատանքներն ընդգրկում են 3000 քմ․ ասֆալտապատում և 500 գծամետր ճաքալցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը 26 միլիոն 940 հազար դրամ է, որը հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։