Պատգամավորը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում ռազմավարության և միասնական կառավարման կարիք է տեսնում
2 րոպեի ընթերցում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը Հայաստանում պետք է ունենա միասնական ռազմավարություն և համակարգված կառավարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներից մեկը պետական տարբեր կառույցների միջև գործողությունների սինխրոնության և միասնականության բացակայությունն է։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առանձին է իրականացնում քաղաքականություն, ՆԳՆ-ն՝ առանձին, ՏԻՄ-երն էլ իրենց հերթին՝ առանձին։ Արդյունքում չկա միասնական մոտեցում։ Իսկ նման կարևոր հարցում պետությունը պետք է ունենա կենտրոնացված և համակարգված քաղաքականություն։
Եվ կարելի է արդարացիորեն ենթադրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտը կարիք ունի միասնական կառավարման։ Դրա համար անհրաժեշտ է նաև ստեղծել համապատասխան իրավական դաշտ։ Իմ համոզմամբ՝ պետք է ընդունել ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարություն, համաձայն որի էլ կիրականացվի միասնական, համապարփակ պետական քաղաքականություն այս ոլորտում»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի կարծիքով՝ իրավիճակի բարելավման առաջնային քայլը ոլորտի ռազմավարության ընդունումն է, որը պետք է հստակեցնի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու պատասխանատու մարմիններին։
«Անհրաժեշտության դեպքում պետք է քննարկել նաև վերգերատեսչական մարմնի ստեղծման հարցը, որը կհամակարգի բոլոր մարմինների աշխատանքը և կիրագործի միասնական քաղաքականություն այս ոլորտում։ Կարծում եմ՝ ռազմավարությունն այսօր օրհասական խնդիր է, թեև պետությունը շատ մեծ ինստիտուցիոնալ, համակարգային բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտում, բայց արդեն անհրաժեշտություն կա բոլորը համակարգել, բոլորը կառավարել մեկ կենտրոնից և անցնել առաջ»,- եզրափակեց Խաչատրյանը։