Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
2 րոպեի ընթերցում
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունի կենսական կարևորություն Հայաստանի հասարակության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ընթացող «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նա ներկայացրեց վերջին ժամանակաշրջանի վիճակագրությունը՝ ընդգծելով, որ միայն 2024 թվականին Հայաստանում տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը։
«Իսկ 2025 թվականի միայն առաջին երեք ամիսներին՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է 988 դեպք՝ 60 զոհով և 1391 վիրավորով։ Եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, ապա ստացվում է, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում մենք ունենում ենք ավելի քան 3600 զոհ և մոտ 70 հազար վիրավոր։ Այդ վիրավորներից 2-ից 3 հազարը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,-ասաց Խաչատրյանը։
Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ այս վիճակագրության մեջ ներառված չեն գույքային վնասով պատահարները։ Ըստ նրա՝ միջազգային համեմատության մեջ՝ բնակչության թվին համաչափ, Հայաստանի ցուցանիշները լավագույն դեպքում միջին են, ինչը մտահոգիչ է և անբավարար։
«Միայն 2024 թվականի ընթացքում գրանցվել է մոտ 72 հազար գույքային վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։ Նույն տարում ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ավելի քան 20 միլիարդ դրամ, այս թվի մեջ չի ներառվել ԿԱՍԿՈ ապահովագրությունը»,- եզրափակեց Խաչատրյանը։