Երևանը հերքում է Բաքվի հերթական մեղադրանքները ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,-ասված է հաղորդագրության մեջ։