Փարիզի իշխանությունները Ստամբուլի քաղաքապետին շնորհել են պատվավոր քաղաքացու կոչում
1 րոպեի ընթերցում

Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ձերբակալվել էր Թուրքիայում և պաշտոնանկ արվել դատավարությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Figaro պարբերականը։
Համապատասխան որոշումը միաձայն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքերով՝ Իմամօղլուին անարդարացիորեն արգելված է ներկայացնել իր կուսակցությունը և խոսել միլիոնավոր թուրքերի անունից, ուստի նա պետք է կարողանա ակնկալել Փարիզի լիակատար աջակցությունը։
«Պատվավոր քաղաքացու կոչում ստանալը Իմամօղլուին դիմադրելու ուժ կտա և թուրքական իշխանություններին կստիպի լսել ժողովրդավարական բանականության ձայնը»,- ասել է Իդալգոն։
Մարտի 23-ին Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Սակայն ահաբեկչության երկրորդ գործի հետաքննության համատեքստում կալանավորման միջնորդությունը մերժվել է։ Իմամօղլուի հետ ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդհանուր առմամբ՝ դատական գործում ներգրավված է ավելի քան 90 մարդ։