Ֆինանսներ

Հենրի Արսլանյանի համոզմամբ՝ բիթքոյնում ներդրումները, թվային արժույթի զարգացումը նոր հնարավորություններ կտան Հայաստանին

3 րոպեի ընթերցում

Հենրի Արսլանյանի համոզմամբ՝ բիթքոյնում ներդրումները, թվային արժույթի զարգացումը նոր հնարավորություններ կտան Հայաստանին

Համաշխարհային կրիպտո առաջնորդ Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը կարծում է, որ կրիպտոարժույթների, թվային արժույթների բնագավառի զարգացումը Հայաստանին նոր հնարավորություններ ու առավելություններ կտա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսլանյանը նման դիրքորոշում հայտնեց Երևանում անցկացվող Doing Digital Forum–ի շրջանում լրագրողների հետ զրույցում:

«Շատ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում ևս կրիպտոյի մասին կանոններ են սահմանվում: Հիմա համաշխարհային մակարդակում կրիպտոյի փոփոխությունների շատ կարևոր ժամանակաշրջան է: Եվ սա հնարավորություն է Հայաստանի համար»,–ասաց Հենրի Արսլանյանը:

Նա նկատեց՝ հաճախ մարդիկ չգիտեն, թե քանի առաջատար կրիպտոընկերություն կա Հայաստանում, նրանք նաև չգիտեն, թե կրիպտորաժույթների, թվային արժույթների ոլորտում հայերը որքան ակտիվ են աշխարհում: 

Ըստ Արսլանյանի՝ փոփոխությունները, կրիպտոարժույթների և թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն են Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են և հնարավորություն ունեն օգտվել այս անհամաչափ փոփոխություններից: Նրա կարծիքով՝ այս շրջանն ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների և ընդհանրապես փողի պատմության մեջ:  

 «Կարծում եմ, որ Հայաստանի նման երկրի համար բիթքոյնի ընդունումը՝ որպես ճանաչված արժույթ կամ բիթքոյնում ներդրումները կառավարության մակարդակում, կարող են ապահովել ասիմետրիկ առավելություններ, ինչպես դա արել են այլ երկրներ՝ ԱՄՆ-ից մինչև փոքր երկրներ»,–ասաց Արսլանյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը և որոշում կայացնող քաղաքական գործիչները դիտարկում են այս հնարավորությունը:

Նրա կարծիքով՝ թվային արժույթները, կրիպտոարժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու:  

Անդրադառնալով կրիպտոարժույթի ոլորտի ռիսկերին՝ Արսլանյանը նշեց, որ ինչպես ցանկացած արժույթի, այնպես էլ կրիպտոարժույթի, թվային արժույթների դեպքում կան զգալի ռիսկեր: «Ինչպես կան շատ լուրջ ընկերություններ, որոնք ակտիվորեն զբաղվում են կրիպտոարժույթների և թվային արժույթների զարգացմամբ ամբողջ աշխարհում, այնպես էլ կան ընկերություններ, որոնք, օգտվելով այդ թեմայից, զբաղվում են խարդախությամբ ու գողությամբ: Ռիսկերը միշտ առկա են»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում