Իրազեկում երկիր մուտք գործելու, ռուսաց լեզվի թեստավորում՝ դպրոց ընդունվելու համար. ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվելու։ Մասնավորապես, նախատեսվում է, որ հունիսի 30-ից  վերը նշված երկրների քաղաքացիները պետք է անցնեն գրանցման ընթացակարգ նույնականացման ու վավերացման միասնական համակարգում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։ 

«Քաղաքացին պարտավոր է լինելու՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։ 

Դիմում ներկայացնելուց հետո ՌԴ պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ 

Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ, հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։  

«Կարելի է ասել, որ Ռուսաստանը ոչ վիզային երկրների քաղաքացիների պարագայում ստեղծում է յուրօրինակ, այսպես ասած, «վիզային մեխանիզմ», և նշված չէ, որ այս կամ այն նպատակի պարագայում այդ պահանջը չի լինի։ Խոսքը ցանկացած պարագայում ՌԴ մուտք գործելու մասին է»,-հավելեց Տաթևիկ Բեժանյանը։ 

Սրանից բացի, ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններ ևս կատարվել են ու կատարվում են։ Մասնավորապես, ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերեն լեզվի իմացությունը ստուգելու նպատակով թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախել։ 

«Իմ հորդորը և խորհուրդը մեր քաղաքացիներին։ Եթե առաջիկայում պատրաստվում են երկարաժամկետ մեկնել Ռուսաստան ու այդ ընթացքում երեխաները հաճախելու են դպրոց, ապա լավ կլինի այսօրվանից երեխաներին ուղարկել ռուսերենի դասընթացների։ Եթե երեխան այնտեղ չանցավ այդ թեստավորումը, ապա նա պարզապես դուրս կմնա կրթական պրոցեսից, ինչի ռիսկը բավական մեծ է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։  

Հաջորդ փոփոխությունը․ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ն իրավունք էր տրված բոլոր այն օտարերկրացիներին, որոնք ունեին բնակվելու իրավունք և կացության կարգավիճակ կամ երկքաղաքացի էին, պարզեցված կարգով փոխեին իրենց ազգային, իրենց պետության վարորդական վկայականները ՌԴ վարորդական վկայականով՝ առանց քննություն հանձնելու։ Ապրիլի 1-ից այդ կարգը չի գործելու։ ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է պարտադիր քննություն հանձնել։ Այս հիմքով խախտումը արտաքսման պատճառ կարող է դառնալ։ 

Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ նման խստացումներն իրենց ազդեցությունն են թողնում միգրացիոն հոսքերի վրա։ Հայաստանից վերջին շրջանում դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը նվազել են։ Դրա վրա իր ազդեցությունն է թողել նաև ռուբլու արժեզրկումը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ակտիվ շինարարական լայնամասշտաբ ծրագրերը։ Շատերը նախընտրում են մնալ ու աշխատել Հայաստանում։ 

Տաթևիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ ՌԴ միգրացիոն հարցերի հետ կապված հավելյալ խորհրդատվության համար քաղաքացիները կարող են զանգահարել իրենց կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարով՝ 096 56 57 67։ 

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել