Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը խիստ մտահոգված է վերջին օրերի խտրական, այդ թվում՝ կանանց թիրախավորող խոսույթով

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը խիստ մտահոգված է վերջին օրերի խտրական, այդ թվում՝ կանանց թիրախավորող խոսույթով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։ 

«Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցները: Ավելին, հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանրային համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։ 

Նշվում է նաև, որ հանրային գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը` ոչ միայն բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև` հակազդելով նման դրսևորումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում