Հայաստան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ 

«Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional - Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։ Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը»,-նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչության հաղորդմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ 

«Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում