ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ը հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,-նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: ՊՆ-ը հրապարակել էր նաև փաստը ներկայացնող լուսանկարներ՝ նշելով, որ տուժածներ չկան: