Քաղաքականություն

Միրզոյանը և Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա տնտեսության  և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ

Հայաստանի ԱԳ նախարարությունում մարտի 31-ին կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարար կրթության ոլորտներում իրականացված համատեղ աշխատանքները:   

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տնտեսության  և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ՝ որպես առաջնային պրակտիկ միջոց կարևորելով երկու երկրներում գործող ընկերությունների համար յուրովի «ճանապարհային քարտեզի» ուրվագծումը: 

Համարելով խորհրդանշական այն, որ Պոդգորիցան եղել է առաջին քաղաքը, որի հետ Երևանը ստորագրել է համագործակցության համաձայնագիր՝ նախարարները կարևորել են այս ձևաչափով փոխգործակցության արդյունավետ շարունակումը: 

Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը: Ընդգծվել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին բարեփոխումների իրականացման լավագույն փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում