Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հրապարակելով նաև փաստը ներկայացնող լուսանկարներ:
Տուժածներ չկան:
Միաժամանակ, ՀՀ ՊՆ-ից հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 04:35-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: