Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է. համայնքապետ ընտրելու համար քաղաքական կոալիցիաների անհրաժեշտություն կլինի
3 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները 82 ընտրական տեղամասերից 81-ում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 81 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 109 հազար 493 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 46 հազար 680-ը։
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։
Քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան), որը հավաքել է 16 հազար 938 ձայն կամ ձայների 36,80 տոկոսը։ Երկրորդը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 9537 ձայնով կամ ձայների 20.71 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։ Երրորդը «Մեր քաղաք»-ը դաշինքն է՝ 7296 ձայնով կամ ձայների 15.85 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)։ Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան), որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7.94 տոկոսը։ 5-րդ հորիզոնականում «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6.18 տոկոսը (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)։
«Եվրադաշինք»-ը հավաքած 2071 ձայներով 6-րդն է (4.50 տոկոս), «Ապրելու երկիր» կուսակցությունը 1658 ձայներով 7-րդն է (3.60 տոկոս), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 1387 ձայներով և 8-րդն է (3.01 տոկոս), իսկ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 642 ձայն և 9-րդն է (1.39 տոկոս)։
Քվեարկության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։
Քանի որ նախնական արդյունքներով քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերից 4-ն ընդդիմադիր են և նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանց ղեկավարները հայտարարել են, որ չեն պատրաստվում կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։