Տնտեսություն

Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սուբվենցիոն համաֆինանսավորում տրամադրելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում մանրամասնեց, որ սուբվենցիոն ծրագրերը ներառում են Արագածոտնի մարզում 1 ծրագիր՝ 240 մլն դրամ, Արարատի մարզում՝ 2 ծրագիր՝ 370 մլն դրամ, Արմավիրի մարզում՝ 3 ծրագիր՝ 113 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 7 ծրագիր՝ 1 միլիարդ 85 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 1 ծրագիր՝ 54 մլն դրամ, Շիրակի մարզում՝ 4 ծրագիր՝ 156 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր՝ 7,6 մլն դրամ, Տավուշի մարզում՝ 4 ծրագիր՝ 127 մլն դրամ։ 

Ծրագրերով նախատեսվող աշխատանքներն առավել մանրամասն ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ծրագրերը վերաբերում են ջրահեռացման համակարգերի կառուցմանը, մանկապարտեզի կառուցմանը, փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցերի վերականգնմանը, լուսավորության ցանցի վերանորոգմանը, գրասենյակային գույքերի ձեռքբերմանը և այլ աշխատանքների իրականացմանը։

Վարչապետն առկա ճանապարհների վերանորոգման հետ զուգահեռ՝ կարևորեց նաև նոր ճանապարհների ու կամուրջների կառուցումը։ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նաև կառուցվող կամ վերանորոգվող ճանապարհների շինարարական աշխատանքներին, ընդգծեց, որ այդ գործընթացքում պետք է հաշվի առնել նաև որակական ցուցանիշը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում