Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի 15 լավագույն տոնական ճամփորդությունների ցանկում
2 րոպեի ընթերցում

Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ Հայաստանը, որն ունի հարուստ պատմություն և գեղեցիկ բնություն, առաջարկում է զբոսաշրջային տեսարժան վայրերի բազմազանություն՝ այդպիսով երկիրը դարձնելով «Eid Al-Fitr 2025»-ի շրջանակներում այցելության իդեալական ուղղություններից մեկը:
Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, Մատենադարանը։ Նշվում է, որ Գառնիի հնագույն տաճարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Գեղարդ վանական համալիրը երկրի հարուստ մշակութային ժառանգության վկայությունն են:
Որպես զբոսաշրջային գրավիչ վայրեր հիշատակվում են նաև Սևանա լիճը, Դիլիջան ազգային պարկը, Տաթևի վանքը։
Eid Al-Fitr-ը տոն է, որի ժամանակ ԱՄԷ-ի բնակիչները հավաքում են ճամպրուկները և պատրաստվում 4-5 օր տևողությամբ հետաքրքիր ճամփորդությունների։ Տոնը հատուկ առիթ է բոլոր մուսուլմանների համար, որի ընթացքում նրանք ժամանակ են անցկացնում իրենց հարազատների հետ։ Այն նշանավորում է մուսուլմանական օրացույցի ռամադան ամսվա ավարտը և դրան հաջորդող շավալ ամսվա սկիզբը։
Պարբերականի կողմից հրապարակված 15 լավագույն ուղղությունների ցանկում 1-ինը Հայաստանն է, 2-րդն Ադրբեջանը, 3-րդը՝ Ֆրանսիան, 4-րդը՝ Վրաստանը, 5-րդը՝ Գերմանիան, 6-րդը՝ Ինդոնեզիան, 7-րդը՝ Իտալիան, 8-րդը՝ Ղազախստանը, 9-րդը՝ Քենիան, 10-րդը՝ Սինգապուրը, 11-րդը՝ Հարավային Աֆրիկան, 12-րդը՝ Շվեյցարիան, 13-րդը՝ Թայլանդը, 14-րդը՝ Ուզբեկստանը, 15-րդը՝ Վիետնամը։