Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ
2 րոպեի ընթերցում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամանակի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները։ Իհարկե, նաև հրապարակային առաջարկությունները զուգորդվում են դիվանագիտական խողովակներով արվող առաջարկներով, և ինչ-որ աշխատանք է գնում։ Լավ ժանր չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմելը։ Երբ այդ աշխատանքն արդյունք տա, այդ արդյունքը կտեսնեն բոլորը»,-ասաց Փաշինյանը։
Մարտի 13-ին Հայաստան և Ադրբեջան պաշտոնապես հայտարարեցին, որ հասել են վերջնական համաձայնության խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշեց, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել քննարկումներ պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Անմիջապես դրանից հետո միջազգային մի շարք դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն, ՄԱԿ-ը և մի շարք պետություններ, ողջունեցին կողմերի միջև պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար՝ շարունակելով կեղծ պնդումներ անել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտության վերաբերյալ և պնդելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։