Թուրքիա

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 25-ին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության ու առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Ուկրաինան, Սիրիան, Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը հաջորդող ցույցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ 

«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային, որը ո՛չ միջազգային ահաբեկչության հենակետ կլինի, ո՛չ էլ ճանապարհ Իրանի ապակայունացնող գործողությունների համար», - գրված է հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ առևտրում վերջին առաջընթացը և խրախուսել ապագայում ավելի մեծ տնտեսական գործընկերության հաստատմանը: 

«Ի վերջո, պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ», - հավելել է գերատեսչության խոսնակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում