Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների մամուլի խոսնակները քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները
2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ների միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Ըստ աղբյուրի՝ Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները:
Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը: