Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի ԱՄՆ գործընկերոջ հետ
3 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Այս այցը Թուրքիայի արտգործնախարարի համար առաջինն է լինելու Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրների համաձայն, հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Անկարայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով առաջիկա այցերի նախապատրաստումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ինչպիսիք են իրավիճակը Ուկրաինայում, Պաղեստինում և Սիրիայում, ինչպես նաև այդ ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Այցի ընթացքում Ֆիդանը կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային խնդիրների վերաբերյալ և կընդգծի Սիրիայի կայունությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը։ Նախատեսվում է նաեւ քննարկել Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման, հումանիտար համագործակցության ամրապնդման եւ տարածաշրջանի վերականգնման կարեւորությունը։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, այդ թվում՝ FETÖ կազմակերպությանը հակազդելը և այսպես կոչված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քողի տակ գործող YPG-ի տարրերի վերացումը։ Թուրքիան կշարունակի պնդել այդ ոլորտներում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։
Ֆիդանը կընդգծի Թուրքիայի աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին, աջակցություն կհայտնի ԱՄՆ-ի շարունակվող հրադադարի նախաձեռնություններին և Անկարայի պատրաստակամությունը՝ նպաստելու դրանց իրականացմանը:
Հանդիպմանը կընդգծվի Գազայում մշտական հրադադարի հասնելու և տարածաշրջան հումանիտար օգնության առաքումը ապահովելու ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կնշվի Իսրայելի վրա ԱՄՆ-ի ազդեցությունն այս համատեքստում օգտագործելու կարևորությունը։
Նախատեսվում է ընդգծել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակներում պատժամիջոցների վերացման աշխատանքների մեկնարկի կարևորությունը և Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադարձի գործընթացի վերանայումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության գնումների գործընթացի խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը: