Նախատեսվում է ներդնել մասնագիտական ապահովագրություն. աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ օրինագիծ է մշակվել
3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է ներդնել արտակարգ իրավիճակների հետևանքով անձի կյանքին, ինչպես նաև գույքին և առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրության գաղափարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Նախագծի ընդունմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները: Յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝ այսպիսով ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային և տեղային (օբյեկտային) մակարդակներ:
Նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային և արագ հասանելի:
«Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակների հետևանքով անձի կյանքին, ինչպես նաև գույքին և առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրության գաղափարը»,–ասաց Մկրտչյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են նախատեսում պարտադիր ապահովագրությունը:
«Օրենքում ամրագրում ենք, որ պարտադիր ապահովագրության ինստիտուտը և գործիքակազմը պետք է գործի: Բայց դրանք պետք է սահմանվեն կառավարության կողմից»,–ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ որոշ սկզբունքներ տեսլականի ձևով արդեն ունեն: Խոսքը աղետների հետևանքների և դրանց փոխհատուցման ապահովագրության մասին է: Դա ներառում է թե՛ տուժող անձանց, թե՛ երրորդ կողմին՝ որպես տուժող: Մկրտչյանը պարզաբանեց՝ աղետի դեպքում երբեմն վնասը կրում է ոչ միայն տվյալ քաղաքացին, տվյալ օբյեկտը, այլ նաև երրորդ կողմը: Եվ պարտադիր ապահովագրության ենթակա շրջանակները պետք է ֆիքսվեն:
«Մենք նախատեսում ենք ներդնել մասնագիտական ապահովագրություն: Այն բոլոր մասնագետները, որոնք պատասխանատու են լինելու, օրինակ, արտադրական վտանգավոր օբյեկտի համար, պետք է իրենց մասնագիտական ապահովագրությունն ունենան: Շահագործողը ևս պետք է պարտադիր ապահովագրություն ունենա՝ հնարավոր հետևանքների համար փոխհատուցում ստանալու համար, որ բեռը համայնքի կամ պետության վրա մեծ չլինի»,–ասաց Մկրտչյանը:
Նախագծերի փաթեթը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: